Գլխավոր Քաղաքական Հանրապետության նախագահը տեղի տվեց ճնշումներին, դատական իշխանությունն էլ ոտնատակ է տված. Էդմոն...

Հանրապետության նախագահը տեղի տվեց ճնշումներին, դատական իշխանությունն էլ ոտնատակ է տված. Էդմոն Մարուքյան

741
0

Հանրապետության նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։

Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են նոր և ավելի վտանգավոր խնդիրներ։

Սա ոչ այլ ինչ է, քան հեղափոխությունից հետո ստեղծված ժողովրդավարացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հնարավորության մսխում»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին, ում, ըստ մամուլի, այս պաշտոնում իշխանությունները ցանկանում էին տեսնել: 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում չէր առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովին, բացի այդ՝ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/2715169691888074