Գլխավոր Քաղաքական Արա Բաբլոյանն Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ....

Արա Բաբլոյանն Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ. Էդուարդ Աղաջանյան

2211
0

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Արա Բաբլոյանը Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին հրավիրված է եղել որպես Ազգային ժողովի նախագահ և խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ:

Էդուարդ Աղաջանյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղե՞լ է հրավիրված անձանց ցուցակում, թե՞ ոչ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրել է Աղաջանյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին, պատասխանել էր. «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում: Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում:

Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: