ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները:
Մասնավորապես, պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ին պատկանող Երևանի Խանջյան փողոցի շենքի տարբեր աշխատասենյակներ առանց պայմանագրերի և որոշ դեպքերում նաև պայմանագրերով ապօրինի վարձակալության է հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Վարձակալությունից կանխիկ եղանակով ստացված գումարները չեն մուտքագրվել ՊՈԱԿ-ի բյուջե և յուրացվել են:
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով, պաշտոնատար անձը ընդհանուր առմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 41.780.000 դրամ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ: