Գլխավոր Քաղաքական Հայաստանում բռնություն և ատելություն քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա երկաթյա հակահարված....

Հայաստանում բռնություն և ատելություն քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա երկաթյա հակահարված. Փաշինյանը հանձնարարականներ տվեց

1048
0

Հայաստանի Հանրապետությունում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ բացարձակապես կապ չունի նման կոչեր հնչեցնող անձինք հանդես են գալիս որպես իշխանության համակիր, թե ընդդիմադիր:

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականացնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Եվ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս ամենի համատեքստում ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ահա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: «Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին: Սկսած այն երևույթից, որ, օրինակ, Երևանի ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներ վարել մայթերով, և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, երկրում չկա իրավակարգ կամ երկրում իրավակարգը թույլ է: Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ միայն որպես երթևեկության խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կանոնների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլ նաև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը:  Նման պահվածքով զբաղվող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց, որ առավոտյան այս թեմայով զրույց է ունեցել ոստիկանության պետի հետ: «Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել, հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և  կկատարվի:

ՀՀ վարչապետը դիմեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Պարոն Դավթյան, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ դատախազությունը նույնպես այս երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի առանձին վերցրած մեկնաբանության տեսակետից, այլ ընդհանրապես  հանրային անվտանգության տեսանկյունից, որովհետև իմ  կարծիքով կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային անվտանգության և ազգային անվտանգության խնդիր է: Եվ այս հարցերին մոտենալ զուտ քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, ես կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ: Եթե կա անհրաժեշտություն նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության ու ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Ես ուզում եմ ընդգծել, որ բացարձակապես կապ չունի՝ այդ բռնության և ատելության քարոզ իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, թե հանդես են գալիս որպես ընդդիմադիր: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված: Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, խոսքը քաղաքական գործունեության, քննադատության, սուր քննադատության մասին չէ, որը երաշխավորված է ՀՀ-ում անշրջելիորեն: Բռնության քարոզի, բռնության բառապաշարի օգտագործման համար բերանները բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն: Եթե 10 անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ պետք է հակահարված ստանան, իսկ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այդ հակահարվածը պետք է լինի երկաթյա: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն»,- ասաց նա:

Դիմելով ՀՀ ոստիկանության պետին՝ վարչապետը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ձևավորել խումբ, որը այս կապակցությամբ  քաղաքացիների ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, իսկ այդ միջոցները կլինեն տեսանելի հանրության համար:

«Առավոտյան Ձեզ հետ զրուցելուց հետո անմիջապես տվել եմ համապատասխան հանձնարարական , նաև կառավարության նիստից հետո կլինեն հատուկ հանձնարարություններ»,- ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ընդգծեց, որ  նման դեպքերի արձագանքներով պայմանավորված  հետաքննության մարմիններից իրենց պահանջն է, որպեսզի դրանք  չդիտարկվեն որպես մեկ լոկալ դեպք. Նման դեպքերի ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: «Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի՝ հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ ավելի ծանր հանցագործություն են նախապատրաստվում, այս ամենը բացահայտվի: Այսինքն, մենք իրավական գնահատականները տալուց հետևում ենք, որպեսզի ամբողջ ծավալով բացահայտվի, իսկ ամբողջ ծավալով բացահայտման արդյունքում եղած ապացույցներն ենք գնահատում»,- ասաց Դավթյանը: