Գլխավոր Քաղաքական Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է. Զոհրաբ Մնացականյան

Արցախը բանակցային սեղան վերադարձնելը բարդ, բայց սկզբունքային հարց է. Զոհրաբ Մնացականյան

696
0

Առանց Արցախի որոշիչ ձայնի խնդրի լուծման արդյունավետ առաջընթաց չենք ունենա: Արցախը բանակցային սեղան վերադարձնելը սկզբունքային հարց է: Հայաստանի և Արցախի իշխանությունների համագործակցությունը ևս եղել և մնում է սկզբունքային ու արդյունավետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ: Յուրաքանչյուր բանակցություններից առաջ կամ հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ: Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ իմ գործընկերոջ` Մասիս Մայիլյանի հետ, նաև նախագահ Բակո Սահակյանի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետ Փաշինյանին: Միասին սերտորեն աշխատելու հստակ ձևաչափ ունենք, որն արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից և վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացում: Արցախի մասնակցության հարցը բարդ, բայց սկզբունքային, կարևոր է: Հարցը վերաբերում է Արցախին, որը սուբյեկտ է, և առանց Արցախի որոշիչ ձայնի մենք արդյունավետ առաջընթաց չենք ունենա: Մեր համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ եղել և մնում է շատ սկզբունքային և արդյունավետ»,-վստահեցրեց Մնացականյանը:

Հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչպիսի տրամադրվածություն ունեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում, արդյոք առաջիկայում դա հնարավոր է, նախարարն ասաց, որ համանախագահներն ընդունում են այն, ինչ ընդունելի կլինի կողմերի համար: Այդ առումով համանախագահների հետ բանավեճ չունենք, բանավեճն այս հարցում Ադրբեջանի հետ է:

Հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում եղել են նրբություններ, որոնց մասին Արցախը տեղյակ չի եղել` Մնացականյանը կրկնեց, որ աշխատում են Արցախի իշխանությունների հետ: «Մենք ունենք մեր հարցերը, մեր մոտեցումները: Արցախն ունի իր դիրքորոշումները, իր մոտեցումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի, Բակո Սահակյանի կողմից: Այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք, թե ինչն է հնարավոր, ինչը` ոչ: Բանակցային ձևաչափ է նաև աշխատանքը Արցախի մեր գործընկերների հետ»,-նշեց նախարարը: