Գլխավոր Քաղաքական ՀՀ վարչապետը փոխըմբռնման մեջ է տեսնում բոլոր պետությունների գոհ մնալու տարբերակը

ՀՀ վարչապետը փոխըմբռնման մեջ է տեսնում բոլոր պետությունների գոհ մնալու տարբերակը

1091
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ փոխըմբռնում է պետք, որպեսզի բոլոր պետությունները գոհ մնան միմյանց վարած քաղաքականությունից։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ անել, երբ բոլոր պետությունները դժգոհ են։

«Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը դառնան գոհ։ Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է փոխըմբռնում, պետք է աշխատել փոխըմբռնման ուղղությամբ։ Դրան հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միմյանց շահերի ընդունում։ Պետք է բոլոր խոշոր խաղացողները այսպես ընկալեն իրավիճակը և պատրաստ լինեն իրենց վրա վերցնել այդպիսի փոխըմբռնումների պատասխանատվությունը, ինչը իհարկե, հեշտ բան չէ, բայց միակ ճանապարհն է, որովհետև մյուս ճանապարհները մեզ շատ մեծ խնդիրների առջև կկանգնեցնեն»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետն այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք: