Գլխավոր Դեսից-դենից «ԱՄՆ-ի ամենահայ շերիֆը»․Rusarminfo-ի անդրադարձը հայազգի Փիթեր Քութուջյանին

«ԱՄՆ-ի ամենահայ շերիֆը»․Rusarminfo-ի անդրադարձը հայազգի Փիթեր Քութուջյանին

1413
0

Rusarminfo.ru կայքն անդրադարձ է կատարել ԱՄՆ-ում բնակվող հայկական արմատներով շերիֆ Փիթեր Քութուջյանին, որը Միացյալ Նահանգներում «ամենահայ շերիֆ» մականունն է ստացել։ Կայքը գրում է, որ Քութուջյանը Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտոնին հավակնորդներից է համարվում։

Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանության շերիֆը ծնվել է 1961թ․-ին՝ Նյութոն քաղաքում՝ Արևմտյան Հայաստանից արտագաղթածների ընտանիքում։

Նա իրավաբանական կրթություն ունի և երկար տարիներ աշխատել է որպես իրավաբան, իսկ 1996թ․-ին Մասաչուսեթս նահանգի Սենատի անդամ է ընտրվել։

2011թ․-ի հունվարին Մասաչուսեթսի նահանգապետ Պատրիկ Դևալը Քութուջյանին Միդլսեքս շրջանի շերիֆ է նշանակել՝ իր որոշումը բացատրելով հայորդու մասնագիտական բարձր որակներով և շրջանում հանցավորության դեմ պայքարում ավելի ինտենսիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ըստ կայքի՝ ընդամենը 2 տարվա աշխատանքից հետո Քութուջյանին հաջողվել է պատասխանատվության ենթարկել նահանգի ամենափնտրված հանցագործներին, իսկ շրջանում բացահայտվել և փակվել է ավելի քան 50 ընդհատակյա հիմնարկություն։

Ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայության համար 2013թ-ին հայազգի շերիֆը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նախագահական շքանշանի է արժանացել։

Նույն թվականին Քութուջյանը սենատոր է առաջադրվել հայրենի Մասաչուսեթսից, սակայն զիջել է իր մրցակցին։

57-ամյա գործիչը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա 2012թ․-ին Բոսթոնում Հայկական մշակութային ժառանգության այգու և Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի բացման նախաձեռնողներից է եղել, ինչպես նաև բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերը։