Գլխավոր Քաղաքական Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որևէ լծակ...

Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որևէ լծակ ուզենամ, բացառվում է․Նիկոլ Փաշինյան

1320
0

Tert.am-ը գրում է.

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը նկատեց՝ տարիներ շարունակ նա պայքարում էր, որպեսզի իշխանությունները կարողանան հավասարակշռված կառավարում իրականացնել։

«Պնդում էիք, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի վերահսկիչ ֆունկցիանները, այսօր պատրա՞ստ եք Դուք՝ որպես իշխանություն, տարիների Ձեր պայքարը իրականացնելու՝ մասնավորապես Հաշվեքննիչ պալատը և Պետական վերահսկողական ծառայությունը փոխանցելու ընդդիմության կառավարմանը»,-հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի հիշում, որ երբևէ խոսել է ԱԺ-ում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին։ «Եթե չեմ սխալվում, ինձնից երկու շարք առաջ նստող քաղաքական ուժն էր խոսում ընդդիմությանը լծակներ տալու մասին»,-ասաց նա և ձեռքով ցույց տվեց ԼՀԿ խմբակցությանը։

Այնուհետև Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց նախորդ հարցուպատասխանից հետո ինքը պարտավորություն է ստանձնել, որ ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր, և ինքը կներկայացնի թեկնածուին, որից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց առաջարկից՝ պատճառաբանելով, որ շարքային անդամներ նկատի չեն ունեցել, այլ հանձնաժողովի նախագահին։

«Երրորդ՝ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը հանձնել ընդդիմությանը։ Ասենք՝ վարչապետի խորհրդականների և օգնականների ինստիտուտի մասի՞ն ինչ կասեք: Արժե՞ այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները լինեն ընդդիմությունից»,-ասաց նա։

Վարչապետը շարունակեց, թե առաջարկվում է Հաշվեքննիչ պալատը հանձնել ընդդիմությանը, մինչդեռ օրենսդրությամբ այն անկախ մարմին պետք է լինի, և միջազգայնորեն է այդպես։ «Լավ չի հնչում՝ ՀՊ-ն հանձնել ընդդիմությանը»,-ասաց նա։

Բալանսավորման առումով նա ասաց, որ ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ, և ցանկացած ուժ ունի հնարավորություն վերցնելու այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդն ուզում է նրան օժտել։ «Այդ մեխանիզմը ՀՀ-ում լիարժեք աշխատում է, և դրանով ընդդիմությունը ՏԻՄ-երում և տարբեր մարմիններում լծակներ ունենալու հնարավորություն ունի»,-ասաց վարչապետը:

Այնուհետև վարչապետը պնդեց, որ ինքը միանշանակ նման բան չի ասել։ «Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որևէ լծակ ուզենամ, բացառվում է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես միշտ գտել եմ, որ ընդդիմադիր լինելով ինքս ինձանով վերահսկում ունեմ, ինձ պետք չի որևէ «պեչատ» լինի իմ ձեռքին»,-ասաց նա և նկատեց՝ այսօր խորհրդարանը լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի։