ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ ցանկացած տեսակի սադրիչ գործողություններից։
«Ափսոսանքով նշելով վերջին կորուստները` համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղությանը և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի վերականգնման համար»,– ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, որը հրապարակվել է նախօրեին Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումից հետո։
Միջնորդները կոչ են արել կողմերին հաստատել հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանելու իրենց պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, ներառյալ դիպուկահարների օգտագործումը և ինժեներական աշխատանքների կատարումը շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), հունիսի 20–ին Վաշինգտոնում խորհրդատվություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զորաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։
Սկզբում անցկացվել են առանձին հանդիպումներ, իսկ այնուհետև` նախարարների հետ համատեղ։ Նրանք նաև իրազեկել են ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին տեղերում տիրող իրավիճակի և կարգավորման բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ։
Քննարկումների ընթացքում մասնակիցները կարծիքներ են փոխանակել վերջին իրադարձությունների և կարգավորման գործընթացի հիմնական հարցերի վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարները պարզաբանել են իրենց դիրքորոշումները և սպասումները մարդասիրական քայլերի և անվտանգության իրականացման մասով, որոնք առաջարկվել են միջնորդների կողմից տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի ժամանակ։
Համանախագահների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարները համաձայնել են առկա ուղիղ կապի միջոցները ողջ ծավալով օգտագործելու կարևորության հետ` էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար արագ արձագանքելու նպատակով։ ԱԳՆ ղեկավարները նաև պայմանավորվել ենյ համանախագահների հովանու ներքո առաջիկայում հանդիպելու ուղղությամբ։