Հայաստանի Տավուշի մարզում առկա է 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մենք ունենք լրացուցիչ մեծ ծավալ ռեալիզացնելու համար և մենք ունենք նույնքան էլ անտառային տարածք, որը քիչ պակաս գյուղատնտեսական նշանակություն չունի: Մեզ մոտ հապալաս է աճում՝ 3 հազար մեր բարձրության վրա, և զեյթուն է աճում՝ 380 մ բարձրության վրա: Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական ցանկացած ճաշակի ներդրողի գալ Տավուշ: Առաջիկա տարիներին գյուղատնտեսությունը ամենամեծ ներդրումային պոտենցիալը պետք է ունենա Տավուշում»,-ասաց մարզպետը:
Խոսելով խնդիրների մասին՝ մարզպետը նշեց, որ ենթակառուցվածքային մեծ խնդիր ունեն՝ կապված ոռոգման համակարգերի հետ: Նախնական ուսումնասիրությամբ մարզում ունեն շուրջ 8 հազար հա տարածում արագ ոռոգման հնարավորություն: Դրանք այն տարածքներն են, որոնք ոռոգվել են խորհրդային ժամանակահատվածում: Այսօր ոռոգվում է շուրջ 4 հազար հա տարածք: Մարզպետը համոզված է, որ մեկ տարվա ընթացքում ենթակառուցվածքային ներդրումները հնարավորություն կտան եռապատկել հողատարածքների մակերեսը:
Անդրադառնալով անտառների հնարավորություններին՝ մարզպետը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, Տավուշում անտառներն ունեն 300 մլն եվրոյի մթերքի հնարավորություն: Եվ սա միայն մթերքի մասով, չհաշված այն հավելյալ արժեքը ինչը առաջանում է վերամշակման արդյունքում: