Գլխավոր Քաղաքական Հայաստանի ու Արցախի ԱԳՆ-ները կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ

Հայաստանի ու Արցախի ԱԳՆ-ները կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ

839
0

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 5-ին հանդիպեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։ Երկուստեք ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը անդրադարձ կատարեցին տարբեր ոլորտներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանը և միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկմանը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մասիս Մայիլյանը ճեպազրույց ունեցան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: