«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի դուրս գալը Բրազիլիայից արգելվել է։
Ինչպես հայտնում է Folha de S.Paulo պարբերականը, նման որոշման պատճառը նրա անշարժ գույքի վրա դրված կալանքն է։ Բանն այն է, որ Ռիու-Գրանդի-դու-Սուլի դատախազությունը պարտավորեցրել է նախկին ֆուտբոլիստին վճարել տուգանք եւ մինչ վճարումը, որոշման կատարումն ապահովելու համար, կալանք է դրել նրա ունեցած թվով 57 անշարժ գույքի օբյեկտների վրա։
Տուգանքի գումարը կազմում է 2,3 միլիոն եվրո։ Այն սահմանվել է Պորտու Ալեգրիում անշարժ գույքի շինարարության պատճառով շրջակա միջավայրին եւ բնապահպանությանը, մասնավորապես, հողաշերտին ու անտառային գոտուն հասցրած վնասի համար։
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն մարզական կարիերան ավարտել է 2018-ին։ 2005 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակի», 2004 եւ 2005-ին ճանաչվել է որպես մոլորակի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՖԻՖԱ-ի վարկածի։