Գլխավոր Իրավական ՀՀ զինվորական դատախազության կողմից բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 9.7մլրդ դրամի վնաս

ՀՀ զինվորական դատախազության կողմից բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 9.7մլրդ դրամի վնաս

1219
0

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ դատախազությունից, նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։

Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ: Նշանակալի արդյունքներ են արձանագրվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլրդ 752 մլն ՀՀ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:

2019թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4մլն ՀՀ դրամ վնաս, այն դեպքում, երբ 2018թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:

Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում վնասի գրեթե ողջ վերականգնումն իրականացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու մասին տրված 12 նախազգուշացումների արդյունքում, և դատախազական ներգործության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացել։ Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։

Պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ և ստուգողական գործողություններ։