Գլխավոր Լուրեր Այս պահի դրությամբ սահմանին կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է. Ա....

Այս պահի դրությամբ սահմանին կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է. Ա. Դավթյան

802
0

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:

«Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,-ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

Վերջինս նաև նշեց, որ մշտապես լարվածություն եղել է հայ-ադրբեջանական սահմանի հատվածում՝ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում, Նախիջևանի ուղղությամբ. «Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, պետք է հասկանալ, որ շփման գիծն օրգանիզմ է, որ մշտապես գործում է: Երկկողմանի գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակները, խնդիրները, ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը կամ թույլ չտալ հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»:

Հարցին՝ արդյոք այս լարվածության օրերին օպերատիվ կապը օգտագործվել է, Դավթյանն ասաց՝ օպերատիվ կապն օգտագործվում է՝ ըստ անհրաժեշտության. «Յուրաքանչյուր անգամ, երբ լարվածության աճ է լինում, օպերատիվ կապն օգտագործվում է, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապով աշխատանքների արդյունք է»։