Գլխավոր Լուրեր Հայաստանում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս․ Նիկոլ...

Հայաստանում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս․ Նիկոլ Փաշինյան

1321
0

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տալիս է լավ ապրելու բանաձևը՝ աշխատանք ու կրթություն։ Նա այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ շեշտեց, որ սա է հիմնական ուղերձը, բայց հավելեց, որ կրթություն ասելով՝ նկատի չունի բարձրագույն կրթություն կամ դիպլոմ։

«Ցավոք, այսօր ՀՀ-ում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս։ Մեր սիրելի հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք գալիս ասում են՝ այ, բարձրագույն կրթությունով եմ, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել, հարցնում ես, թե քանի օտար լեզու գիտի, ասում է՝ ոչ մի, սա բարձրագույն կրթություն չէ։ Կրթություն ասելով՝ պետք է հասկանալ նաև արհեստագործական կրթություն, տաքսի հաջող վարելու համար էլ պիտի կրթություն ունենաս։ Մենք չենք ցանկանում մարդուն պահել խավարի մեջ, որ հետագայում մանիպուլյացիաներով պահենք իշխանությունը։ Միայն ժողովրդավար իշխանությունը կարող է մարդուն դրդել կրթության ու աշխատանքի, քանի որ մարդու կրթական ցենզն ինչքան բարձր է, այնքան ինքը քիչ կառավարելի է»,- ասաց նա։

Փաշինյանը պետության զարգացման հիմքում կարևորում է վերամշակող արդյունաբերության զարգացումը, քանի որ գտնում է, որ հանքարդյունաբերությունը տնտեսական աճի մեջ մեծ դեր պետք է չունենա։ Վարչապետի խոսքով՝ պետք է աջակցություն ցույց տալ նաև տեղական արտադրանքին, այսինքն՝ հնարավորության դեպքում պետք է ընտրել հայրենի արտադրողի արտադրանքը։

Գործադիր մարմնի ղեկավարը խոսեց նաև տնտեսության մեջ կնոջ դերի մասին, որին անդրադարձ կա նաև 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթում։ Նա նախ ներողություն խնդրեց կոպիտ ձևակերպման համար, ապա մեջբերեց զեկույցից հատված։

«Կանայք, թեև, հասուն տարիքում կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը, խիստ սահմանափակ են օգտագործվում որպես ռեսուրս։ Թեև կոպիտ է գրված, բայց կարևոր արձանագրում է, քանի որ մենք հույս ունենք, որ միկրոբիզնեսի զարգացման մեջ կանայք կստեղծեն միկրոձեռնարկություն, որով կփոխեն իրենց ընտանիքի սոցիալական վիճակը։ Հեղափոխության ժամանակ կանանց ակտիվությունը բացառիկ դեր է ունեցել, տնտեսական հեղափոխության ժամանակ էլ այս ակտիվությունը չափազանց կարևոր է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։