Գլխավոր Տնտեսական «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 68 հազար...

«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 68 հազար դրամ

1303
0

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը։

«Նվազագույն ամսական աշխատավարձը հիմա սահմանված է 55 հազար դրամ, մենք սկզբնապես առաջարկեցինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Եվ այդ թիվը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեինք բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է: Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին: Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,-ասաց Կարապետյանն ու հավելեց, որ հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Կարապետյանը վստահեցրեց՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու: Նա նշեց՝ կառավարությունը դրան պատրաստ է: