Գլխավոր Լուրեր Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն. Մանե Թանդիլյան

Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն. Մանե Թանդիլյան

0
4689

Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Մանե Թանդիլյանը:

«Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, քաղաքացիների հետ ունեցել եմ հանդիպում, որի ընթացքում բարձրաձայնվել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդիրները։

1. Աշխատանքի տեղավորման խնդրի հետ կապված նշել եմ, որ թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությանը քաղաքացին կարող է իրազեկվել միայն զբաղվածության համապատասխան կենտրոնում հաշվառվելու դեպքում, որից հետո հետևողական հսկողության արդյունքում հարկավոր է աջակցություն տրամադրել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:

2. Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն, որի արդյունքները սահմանված կարգով ԲՍՓԳ ներկայացնելուց հետո, իրականացնել վերափորձաքննություն և տալ համարժեք եզրակացություն։ Բացի այդ, հանձնարարել եմ խստագույնս զգուշացնել ԲՍՓ հանձնաժողովներին՝ քաղաքացիների նկատմամբ անվերապահորեն դրսևորել հարգալից վերաբերմունք՝ ապահովելով ծառայությունների պատշաճ մատուցումը: Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացառելու քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք:

3. Ինչ վերաբերում է կենսաթոշակի վճարման խնդրին, ապա հարկ եմ համարում նշել, որ այն դեպքում, երբ քաղաքացին տեղափոխվել և բնակություն է հաստատել ՀՀ սահմաններից դուրս, իսկ ապա վերադառնալով ունեցել է կենսաթոշակի վճարաչափի տարբերություն, իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ խնդրահարույց օրենսդրական նորմերը կիրառելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես օրենսդրական, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի նորմը։

Այդ իսկ պատճառով հանձնարարել եմ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման, իրացման, իրավունքի դադարեցման և իրավունքի վերականգնման ժամանակ իրավունքի վերանայման նորմը պարզաբանելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված արդարադատության նախարարությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի իրավունքը իրացնելիս մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող դեպքերի վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկատվություն հայցելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված մարդու իրավունքի պաշտպանին:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդրի առնչությամբ, հաշվի առնելով սոցիալական ծանր պայմանները, որտեղ բնակվում է քաղաքացին իր թոռնիկների հետ միասին, հանձնարարել եմ հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով աջակցել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում»,- գրել է նախարարը: