Գլխավոր Լուրեր ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ

1001
0

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝  կամ մերժում է տվյալ դիմումը, կամ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝  դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։