Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը iz.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որը տեղի է ունեցել Նյու Յորքում:
«Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մենք, իհարկե, կարճ խոսել ենք հակամարտության մասին, և բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները խոչընդոտ են հանդիսանում բոլոր ճյուղերի համար՝ այդ թվում տնտեսական, հումանիտար և այլն: Եվ գագաթնաժողովի բոլոր 10 երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ պետք է շուտափույթ լուծում գտնել այս հակամարտությանը: Բայց պետք է նաև խոստովանել, որ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների հիմնական մասը կատարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ոչ թե ԱՊՀ-ի»,-նշել է Մամեդյարովը:
«Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք քաղաքական լուծում այս խնդրին, ապա, իհարկե, պետք է սկսել նրանից, ինչը կոչվում է «առարկայական բանակցություններ»»,- հավելել է նա:
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, անընդհատ կատարելագործվող:
«Մենք մշտապես ասում ենք մեր համանախագահներին՝ մենք ոչ մի տեղ չենք կորչի, պետք է նստել ու առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որը դրված է սեղանին»,- ասել է նա: