Գլխավոր Տնտեսական Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը. Տիգրան Ավինյան

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը. Տիգրան Ավինյան

877
0

Tert.am-ը գրում է․

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Զվարթնոց օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ Զվարթնոց և Զվարթնոցից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից ոչ մի այլ արտոնություն չի տվել»,- նշեց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում ավիատոմսերի նման ցածր սակագին, նա պատասխանեց. «Իրենց բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ամբողջ տրամաբանությունն այդպիսի ընկերությունների այն է, որ նրանք կենտրոնանում են հնարավորինս էֆեկտիվության վրա»:

Դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ մենաշնորհի դիրք կգրավի «Ryanair»-ը և շուկայից դուրս կմղի մյուս ավիափոխադրողներին, նա պատասխանեց. «Արտոնությունը սահմանված չէ միայն մեկ ընկերության համար, այս արտոնությունը սահմանում ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ կկազմակերպեն դեպի Զվարթնոց։ Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունն ավելի բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»:

Ավինյանը նշեց, որ միակ աջակցությունը, որի մասին խոսվել է, վերաբերում է Գյումրիի օդանավակայանին, որին Եվրոպական միության և օդանավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ արտոնություն է տրվելու, որը կրկին բյուջեի հաշվին չէ: Իսկ թե խոսքն ինչ արտոնության մասին է՝Ավինյանը նշեց, որ առևտրային գաղտնիք չի ցանկանում բացահայտել:

Դիտարկմանը, թե Կառավարության ռազմավարության ծրագրում խոսվում էր ազգային ավիափոխադրողներին արտոնություն տալու մասին, արդյոք շեղվե՞լ են սրանից, Ավինյանը նշեց, որ չգիտի, թե Կառավարության որ ծրագրի որ հատվածում է նման բան ասվում, բայց իրենք մի քանի ուղղությամբ են աշխատում: «Հայաստանի նման երկիրը խնդիր ունի հնարավորինս իր կապերն օդային ճանապարհով ամրապնդելու և ուղիղ չվերթների քանակը ավելացնելու: Երկրորդ ուղղությունն այն է, որ մեզ պետք է զարգացնել տեղական ավիափոխադրողների խթանման ծրագիրը, սա մի փոքր ավելի երկարաժամկետ ծրագիր է, և մեկ-երկու տարի հետո կկարողանանք խոսել արդյունքների մասին»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Վարչապետի ավիացիայի գծով խորհրդականն այլ տեսակետ ունի, որը տարբերվում է Ավինյանի և Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի կարծիքից՝ այն է՝ որ լոքոսթերի մուտքն այս փուլում վտանգավոր է տեղականի համար, Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ վարչապետի օգնականը պետք է զբաղվի իր գործառույթներով՝ խորհուրդներ տալով»: