Գլխավոր Տնտեսական Գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 47-րդն է 190 տնտեսությունների շարքում. զեկույց

Գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 47-րդն է 190 տնտեսությունների շարքում. զեկույց

921
0

Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020»  զեկույցում այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 190 տնտեսությունների շարքում«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում արագ թափ է ստացել նրանց գործարարության միջավայրերի առանց այն էլ բարձր տեմպով ընթացող բարելավումը՝ ընդունելով 56 բարեփոխումներ և լինելով հարկերի վճարմանն և պայմանագրերի կիրարկմանն ուղղված բարեփոխումների ոլորտում համաշխարհային առաջատարը՝ ասվում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020»  ուսումնասիրության մեջ: Գործարարությամբ զբաղվելու համար 20 լավագույն վայրերից երկուսը՝ Վրաստանը (7-րդ) և Հյուսիսային Մակեդոնիան (17-րդ), գտնվում են Եվրոպա և Կենտրոնական Ասիայում:

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել ձեռներեցության հնարավորությունների ստեղծման և տնտեսական աճի խթանման ուղղությամբ»,- ասել է Գործարարության ստորաբաժանման ծրագրերի ղեկավար Սանտյագո Կրոչի Դաունեսը:  «Բարեփոխումների թափ տանալուն զուգահեռ՝ զիջող տնտեսությունների համար կարող են ուսանելի լինել իրենց հարևանների կողմից ընդունված լավ գործելակերպերը»,- հավելել է նա:

«Գործարարությամբ զբաղվելու դյուրինության գնահատման միավորի առումով, որն, ըստ էության՝ երկրի կարգավորման կատարողականի բացարձակ մակարդակի գնահատականն է, Հայաստանի միավորը բարձրացել է «Գործարարություն 2019» -ի 73.2-ից և «Գործարարություն 2020»-ում կազմել է 74.5», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

«Սա նշանակում է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանն իր գործարարության կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված է բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է կրճատել տարբերությունը կարգավորման համաշխարհային լավագույն արդյունքներից, ինչը դրական և խոստումնալից զարգացում է»,- նշել է նա:

2018/2019 թթ. Հայաստանն իրականացրել է չորս բարեփոխում՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը կարգավորման տեղական դաշտի նշանակալի բարելավումներ է իրականացրել հետևյալ ոլորտներում.

  • Հայաստանը ուժեղացրել է շինարարության որակի հսկողությունը՝ ճարտարապետների և ճարտարագետների համար սահմանելով որակավորման ավելի խիստ պահանջներ.
  • Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ պահանջելով անկախ ուսումնասիրություն և փոխկապակցված անձանց հետ գործարքների անմիջական բացահայտում հանրությանը ՝ մեծացնելով բաժնետերերի իրավունքներն ու դերը կորպորատիվ խոշոր որոշումներում և հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները.
  • Հայաստանը հարկերի վճարումն ավելի դյուրին է դարձրել է՝ ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձը տարածելով կապիտալ ներդրումների դեպքի վրա.
  • Հայաստանն արտահանումն ավելի արագ է դարձրել՝ տալով մաքսային հայտարարագրերն առցանց ներկայացնելու հնարավորություն:

Բացի այդ, «Գործարարություն» ծրագրի թիմն այս տարի այցելեց Հայաստան և խորացրեց Հայաստանում տարբեր թեմաների իր իմացությունը՝ նախորդ տարվա համեմատ ընդլայնելով հարցվողների շրջանակը մինչև 139-ը (8 տոկոսով), ովքեր գտնվում են Երևանում:

Տարածաշրջանն առավելագույն բարեփոխումներն աշխարհի մասշտաբով իրականացրել է հարկերի վճարման (ինը) ոլորտում, քանի որ տարածաշրջանի 22 տնտեսություններ այժմ տալիս են հարկերի էլեկտրոնային ներկայացման հնարավորություն, և պայմանագրերի կիրարկման ոլորտում (վեց), քանի որ Եվրոպան և Կենտրոնական Ասիան առևտրային գործերով առավել արդյունավետ դատական համակարգ ունեցող տարածաշրջանն է: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններն առանձնանում են նաև գույքի գրանցման դյուրինությամբ. գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը միջինը կազմում է գույքի արժեքի 2.7 տոկոսը, ինչն ավելի քիչ է, քան ՏՀԶԿ բարձր եկամտով տնտեսությունների 4.2 տոկոս միջին ցուցանիշը:

Եվրոպան և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի լավ կատարողականը նաև երկարաժամկետ հեռանկարում է դրսևորվել, քանի որ «Գործարարություն» ուսումնասիրության  իրականացման 17 տարիների ընթացքում բազմաթիվ երկրներ պակասեցրել են նվազագույն բաժնետիրական կապիտալի պահանջը և բարելավել են վարկերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգերը:

Տարածաշրջանը թերակատարում է ունենում շինարարական թույլտվությունների և էլեկտրականության միացման ոլորտներում: Անհրաժեշտ շինարարական թույլտվությունների ստացման համար տարածաշրջանում միջինը պահանջվում է 170 օր՝ ՏՀԶԿ բարձր եկամտով տնտեսություններում պահանջվող 152 օրվա համեմատ: Նմանատիպ ձևով, նոր պահեստային շինության միացումը էլեկտրական ցանցին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միջինը տևում է գրեթե 100 օր, ինչը 25 օրով ավելի է ՏՀԶԿ բարձր եկամտով տնտեսությունների նույն ցուցանիշից: