Գլխավոր Քաղաքական Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

916
0

News.am-ը գրում է․

Երբ Հայաստանի վարչապետը պնդեց, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր ժողովուրդների համար՝ Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, նա արժանացավ, մեր կառավարությունը արժանացավ մեծ քննադատության. բայց մենք դա պնդում ենք, որ փոխզիջումն է ելքը, փոխզիջում, որում կա հանձնառությունների համարժեքություն: Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել է հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է», նույնն է, ինչ Ալբանիայի վարչապետն ասեր Տիրանայից, որ Կոսովոն Ալբանիա է», Հայաստանի ԱԳ նախարարն ասաց. «Գիտեք, ես պետք է նորից կրկնեմ. ՀՀ վարչապետը անընդհատ եւ հետեւողականորեն պնդում է, որ մեզ պետք է ազդակ, Ադրբեջանից փոխզիջման ազդակ, որը մենք չենք լսում: Իրականում, նույն այդ ելույթի ժամանակ, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առանձին կետով, որում նա բավական հետեւողական ներկայացրել էր փոխզիջումային լուծման մեր մոտեցումը»:

Նա հավելելով, որ այս պահին, մենք նաեւ պետք է գտնենք այն ճանապարհը, ինչպես կարող ենք առաջ տանել մեր ամենամեծ առաջնահերթությունը՝ ժողովրդի անվտանգությունը:

Հարցին, թե հայկական կողմը ափսոսանք հայտնո՞ւմ է որոշ բաների համար, ինչ անցյալում կատարվել է հայկական զորքերի կողմից, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Գիտեք, 90-ականների սկզբին մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 40%-ը բնաջնջված էր, Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը զավթված, եւ այդ ժամանակ եղել են չարաշահումներ, եղել են ամենազարհուրելի բռնություններ:

Մենք ունեինք իրավիճակ, թույլ տվեք վերջացնեմ, երբ Ադրբեջանի կառավարությունը գնաց ավելի հեռու՝ հերոսացնելով հային սպանողի: Ոչ վաղ անցյալում ստեղծվեց մի իրավիճակ, երբ 2016թ-ի ապրիլին Ադրբեջանը կրկին փորձեց ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը միայն ավելի է ուժեղացնում մեր անվտանգության զգացումը ներկայումս:

Անդրադառնալով ձեր կոնկրետ հարցին ՝ այո, ես ընդունում եմ, որ մենք պետք է բոլորս միասին առաջ շարժվենք: Բոլորս: Սակայն յուրաքանչյուր կողմ պետք է կառուցողական կերպով ներգրավված լինի: Հենց սա ի նկատի ուներ վարչապետը «բոլորի համար ընդունելի լուծում» ասելով: Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից, որը կփոխադարձի մեզ, որպեսզի այդ ոգով հիմք ստեղծվի առաջ շարժվելու համար»:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներին, Մնացականյանն ասել է. «Սա հենց այն է, ինչը լիովին գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Կարծում եմ գիտեք, որ այս ընթացքում, ինչ մեր կառավարությունն իշխանության է եկել, եւ սա եւս մեկ լավ ցուցանիշ է մեր կողմից ցուցաբերված լրջության, որպես Հայաստանի նոր կառավարություն, մեզ հաջողվել է ձեւավորել որոշակի վստահություն, որի շնորհիվ այս մեկ տարվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերը նշանակալիորեն նվազել են:

Մենք լիովին կենտրոնացած ենք այն պահպանելու եւ ամրապնդելու վրա: Դա մեկն է մեր առաջնահերթություններից, եւ, ըստ էության, դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացել ենք եւ ինչի շուրջ շարունակել ենք աշխատել ադրբեջանական կառավարության, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Սա բանակցային գործընթացի շատ կարեւոր մասն է»: