Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ ղեկավարն է եղել,ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես գրել եմ պատճառները, մնացած հարցերով կարող եք դիմել քաղաքապետարանի համապատասխան վարչություն: Ընդհանրապես նման բան չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչով է նախկին թաղապետն այժմ զբաղվելու, նա ասաց, որ պաշտոն չի զբաղեցնելու, պարզապես ցանկանում է գիտականորեն ուսումնասիրել ուրբանիստիկան, քաղաքաշինական նորմերը:
«Գիտեք` ես հայկական գորգի ուսումնասիրությամբ էի զբաղվում եւ այլ ըտենց ազգագրական թեմաներով, բայց ուզում եմ, որ ուրբանիստիկան դառնա մեր Հայաստանի համար շատ կարեւոր դիսցիպլինա, մենք համապատասխանենք միջազգային ստանդարտներին»,- ասաց նա:
Թե ինչպես կարող է Երեւանին օգուտ տալ, Մնացականյան ասաց, որ ինքը երբեք պաշտոնից կախված կամ կառչած չի եղել:
«Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ թիմին, Հայկ Մարությանին ընձեռած հնարավորության համար, ինչ հնարավոր է եղել, արել ենք»,-ասաց նա: