Ամերիկաբնակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:
Twitter-ում կիսվելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ ցեղասպանության ընդունման փաստն արձանագրող հրապարակմամբ՝ Թանկյանը գրել է. «Սա ճշմարտության և արդարության հիասքանչ հաղթանակն է»:
Իր ֆեյսբուքյան էջում էլ նա գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ներկայացնելու համար՝ ի հիշատակ իմ պապերի և նրանց բոլոր զոհված ազգականների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի մեծ թվով ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կբարդացնի այս հարցով ԱՄՆ պետքարտուղարության հետ խաղալը, չնայած համոզված եմ, որ կփորձի: Կարևոր է, որ Թուրքիայի նկատմամբ Սիրիա անօրինական կերպով ներխուժման համար տնտեսական պատժամիջոցներ նույնպես կկիրառվեն: Հաջորդը Սենատի բանաձևն է»:
Հայազգի ռոք երաժիշտն իր էջերում կիսվել է Հայոց ցեղասպանության փաստն ազդարարող բազմաթիվ հրապարակումներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
https://www.facebook.com/SerjTankian/posts/10157672700324798