Գլխավոր Քաղաքական Պետք է հատ-հատ արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման...

Պետք է հատ-հատ արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, ընդհուպ «պինցետով». վարչապետ

802
0

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատունը» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին որոշման նախագծերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպեսզի ֆեյք տեղեկատվության առիթ չլինի այս որոշումը, թե կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները, խնդրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին մանրամասնել որոշումը:

Նախարարը ներկայացրեց, որ կազմակերպությունների լուծարումից հետո գոյացած դրամական միջոցները ամբողջությամբ տրամադրվելու են պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, ճգնաժամային աջակցման կենտրոնների ստեղծմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, ընտանիք վերադարձած երեխաների նյութական աջակցությունը: «Կառավարության այս որոշումը մշակվել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար և չի նշանակում, որ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից, փոխվում է պարզապես աջակցման ձևը»,-ասաց նա:

Վարչապետը, արձագանքելով, ասաց, որ սա բովանդակային բարեփոխում է: «Այս բարեփոխումները ուղղված են ընդդեմ հուսահատության, քանի որ գիշերօթիկի, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել: Եթե, օրինակ՝ նայենք, թե ՀՀ-ում քանի մանկատան, գիշերօթիկ հաստատությունների սան է ընդունվել բուհ, քանի հոգի են մասնագիտություն ստացել, իրենց բարեկեցությունը ապահովել, խայտառակ պատկերի առաջ կհայտնվենք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ իրենք հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու են առաջ: «Բարեփոխման նպատակը՝ գիշերօթիկների հաստատությունների, մանկատների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնելն է, նրանց օժտել գիտելիքներով, որ նրանք ոչ թե ամբողջ կյանքում «ես մանկատան սան եմ» դրոշմը իրենց վրա կրեն և դարձնեն հիմնական բրենդը, որ իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունք ունենան, այլ իրենց տաղանդով, աշխատանքով կարողանան իրենց սեփական բարեկեցությունը ապահովել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ այս առումով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն են նաև լուծում և ամեն ինչ անում են, որ երեխաներին վերադարձնեն ընտանիք: «Երբ Հայաստանում շատերը ընտանիքը որպես արժեք իբր ներկայացնում են իրենց գործունեությունների պատնեշ, ընտանիքն այսպիսի գործողություններով է արժևորվում»,-ասաց նա և խոսեց ընտանեկան բռնության դեմ տարվող քաղաքականությունից:

«Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով, որ ՀՀ կոռուպիցոն համակարգի մնացորդները փորձեն ՀՀ-ն պահել հետադիմության, կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ հետևողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, մինչև վերջին մանրուքը ընդհուպ «պինցետով», որով ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլի»,-ասաց նա:

Չնայած դրան՝ վարչապետն ասաց, որ երաշխիքներ չկան, այդ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների, սակայն վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Նա նշեց, որ նույնը վերաբերում է տարեցների կենտրոնի խնամքին: «Եկեք մտնենք այդ կենտրոններ, տեսնենք, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ բառիս բուն իմաստով պահվում, և սրան նույնպես պետք է վերջ տանք: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չէ, որ մենք իդեալական համակարգ են ստեղծելու, բայց մենք ասում ենք, որ այս հուսահատության տրամաբանության մեջ չենք համակերպվելու, և այս ճանապարհին ոչ մեկը չի կանգնեցնելու, Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է երկիրը առաջ տանելու մանդատ, և բոլոր նրանց, ովքեր մեր ոտքերից կկախվեն և թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից և մեր ժողովրդի վստահությամբ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ, որ սա բոլորը արձանագրեն, այդ թվում՝ պետական համակարգում ներգրավված մարդիկ»,-ասաց նա: