Գլխավոր Լուրեր Հայաստանում պետք է ծնվի մի երգ, որը կմրցակցի Jingle bells-ի կամ Happy...

Հայաստանում պետք է ծնվի մի երգ, որը կմրցակցի Jingle bells-ի կամ Happy birthday-ի հետ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

1480
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնում է, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։

Նրա խոսքով՝ առաջին նպատակն է, որ հնարավորինս մեծ թվով ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում․

«Կառավարությունը ամանորյա միջոցառումների համար մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել, սակայն խնդիրը բացարձակապես ուտելու-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցների վրա գումար ծախսելը չէ, որովհետեւ մենք սրանով լուծում ենք եւ այս ավանդույթը շարունակելով պետք է լուծենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական եւ գեղագիտական խնդիրներ։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Երեւանում ահա այս միջոցառումների կոմպլեքսը ունի այդպիսի նպատակ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը ամբողջապես չենք լուծի եւ այս ավանդույթը ամեն տարի պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»։

Վարչապետի փոխանցմամբ՝ մյուս խնդիրն է խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը․

«Մենք սրանով ցանկանում ենք էլ ավելի խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը։ Հիմա, փառք Աստծո, բավականին մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ եւ մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը, որ Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն չունենա»։

Նա շեշտում է նաեւ՝ պետք է սրբագրումներ կատարել Ամանորի բովանդակության եւ դրա սոցիալական ազդեցության մասով․ «Մենք ցանկանում ենք նաեւ որոշակի սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության եւ դրա սոցիալական ազդեցության տեսակետից։ Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, թե արժի այդքան գումար ծախսել, երբ երկրում այդքան սոցիալապես անապահով կամ ոչ անապահով մարդիկ կան։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով նաեւ հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորություններրի սահմանում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Երեւանի կենտրոնում։ Նկատի ունեմ, որ այդ հատվածում նաեւ աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր։ Մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել, գալ, Երեւանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգեր, համբուրգերներ, եւ մարդիկ կարող են մեկ բրդուճով եւ մեկ բաժակ գինիով իրենց երեխաների հետ գեղագիտական այդ նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ ստանալ Ամանորը նշելիս»։

Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 5-ը Երեւանի կենտրոնում միջոցառումներ են լինելու․ «Երեւանի 2750-ամյակի այգում եւ Հանրապետության հրապարակում ամենօրյա համերգներ են լինելու։ Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց եւ իրենց հարեւանների սեղաններին, այլ բեմերին, որ իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ նոր հայկական երգ պետք է պոպուլյար դառնա․ «Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, եւ ոչ թե հայկականը, եւ ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաեւ ծննդյան տոնակատարոթյունների համար, եւ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/593337624754794/