Գլխավոր Դեսից-դենից «Բարի գալուստ հաջորդ համաշխարհային տեխնիկական կենտրոն Հայաստան». Ամերիկյան Forbes պարբերականը անդրադարձել է...

«Բարի գալուստ հաջորդ համաշխարհային տեխնիկական կենտրոն Հայաստան». Ամերիկյան Forbes պարբերականը անդրադարձել է Հայաստանին

1771
0

Tert.am֊ը գրում է․

Ամերիկյան Forbes պարբերականը լայնածավալ հոդված է նվիրել Հայաստանին, մեր երկիրը ներկայացնելով որպես համաշխարհային հերթական տնտեսական կենտրոն: Հոդվածը սկսվում է Հայաստանի մասին պատմական տեղեկություններով: Նշվում է, որ քանի դեռ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միավորվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի միջոցով նրանք ցանկանում են վերականգնել արևելքի և արևմուտքի միջև իրենց ցամաքային կամուրջի դերը, Հայաստանը գնում է տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

Հայաստանը, որը ելք չունի ծով ու չունի ոչ մի նավահանգիստ, ցամաքային շրջափակումից փորձում է դուրս գալ տեխնոլոգիաների զարգացման միջոցով:

Բարձր տեխնոլոգիական startup-երն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նոր զարկ է տվել Հայաստանի զարգացմանը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում տեխնոլոգիաները այսօր համարվում են ներդրումների ամենամեծ ոլորտը և աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից շատերը`Intel, Microsoft, Google, IBM, Synopsys և Cisco ընկերությունները այսօր ներկա են Հայաստանում: 2018 թվականին տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի աճը կազմել է 33%:

Նշվում է, որ հայկական սփյուռքի այնպիսի կազմակերպությունների ազդեցությամբ, ինչպիսին Service Titan-ն է, և Հայաստանյան այնպիսի կազմակերպությունների ազդեցությամբ, ինչպիսին Shadowmatic-ն է, Հայաստանում տեխնոլոգիական առաջընթաց է նկատվում:

Որպես օրինակ պարբերականը պատմել է Crowdfunding Formula ընկերության և նրա հիմնադիր Նարեկ Վարդանյանի պատմությունը, որը իր ստեղծած կազմակերպության շնորհիվ մեծ հաջողությունների է հասել: Նարեկը իր նշումները հավաքել և գիրք է ստեղծել, որը մեծ հաջողությամբ վաճառվել է համաշխարհային շուկայում: Դրանից հետո նրան դիմել են հայաստանյան startup ծրագրերի ղեկավարները:

Պարբերականը պատմել է նաև Միքայել Վարդանյանի ստեղծած PicsArt լուսանկարների ձևափոխման հավելվածի մասին, որը ստեղծվել է 2010 թվականին, երբ Google Play համացանցային խանութը շատ հայտնի չէր: Վարդանյանը նշել է, որ հավելվածի ստեղծման գաղափարը իր մոտ ծնվել է այն բանից հետո, երբ իր դուստրը հիասթափվել էր նկարների ձևափոխման այն հավելվածից, որից օգտվում էր:

Պարբերականը հոդվածը եզրափակել է նրանով, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի արագ առաջընթացը կապվում է տարածաշրջանում Հայաստանի լավագույն կրթական կենտրոնի համբավի հետ: