«Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական: Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը:
Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության դաշտ՝ տպավորություն ստեղծելու համար, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն կերպ էմոցիոնալությանը տրվել նաև պետական հարցերում, և ըստ այդմ՝ դա վտանգավոր է: Թե՞ Նիկոլ Փաշինյանի էմոցիաների այդ դրսևորումը, հեղափոխական ելույթը պրագմատիզմի դրսևորում էր, որի հաշվարկն այն շրջանակներին սթափեցելն էր, որոնք կարծում են, որ հեղափոխությունն անցավ, և նոր կառավարությունը սկսել է, այսպես ասած, թուլանալ ու աստիճանաբար դառնալ խոցելի:
Ի՞նչն էր վարչապետ Փաշինյանի մոտ առաջացրել այդօրինակ ելույթի անհրաժեշտություն: Արդյո՞ք զգացվել էր սեփական թիմակիցներին և համակիրներին, այսպես ասած, «դուխ» տալու անհրաժեշտություն, թե՞ փորձեր են եղել Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «հաշիվ» ներկայացնել հեղափոխական աջակցության համար: Որովհետև նա առանց անուններ տալու, միևնույն ժամանակ գործնականում բոլորին ուղղված հայտարարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել՝ վարչապետի ընտրությանը քվեարկելով:
Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը, ի հեճուկս իր, այսինքն՝ ի հեճուկս խորհրդարանի կամքի է քվեարկել իր թեկնածությանը, որովհետև չէր կարող չքվեարկել:
Ինչպես հայտնի է, խորհրդարանի քվեարկությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել ընդամենը 11 մարդ: Իհարկե, հենց այդ է եղել որոշիչը, որովհետև «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների ձայները այլապես բավարար չէին, սակայն Նիկոլ Փաշինյանը չկոնկրետացրեց իր հայտարարությունը ՀՀԿ-ով, այլ տարածեց ամբողջ ԱԺ-ի վրա, հետևաբար ստացվում է՝ նաև մյուս ուժերի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: