Գլխավոր Քաղաքական Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը

1094
0

Հայաստանի խորհրդարանը երկրորդ փորձից, երկրորդ վերջնական ընթերցմամբ մարտի 31-ին ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկվել է կառավարության կողմից։ Ընդ որում, նախաձեռնությանը աջակցեցին միայն «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավորները։ «Կողմ» քվեարկեց նշված խմբակցության 71 պատգամավոր։

Ընդ որում, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից պատգամավորները քվեարկությունը բոյկոտեցին։

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքագրմանը։ Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, ինչպես նաեւ զանգերին, դրանց տեւողությանը, սակայն արդարադատության նախարարության հավաստիացումներով՝ ոչ խոսակցության բովանդակությանը։ Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։ Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում հավաքագրված տվյալները, այդ թվում՝ անձնական, պետք է ոչնչացվեն ռեժիմի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այդ կերպ ստացված տվյալների օգտագործումն այլ նպատակներով պատժվում է ՔՕ 144, 145, 146 հոդվածներով (անձնական տվյալների անօրինական հավաքագրում, անձնական տվյալների հրապարակում, բժշկական գաղտնիքի տարածում, անձնական նամակագրության հրապարակում)։

Եթե քաղաքացին հրաժարվի հավելվածի ներբեռնումից, ապա կնախատեսվեն մեկուսացման այլ միջոցներ՝ ուրիշ վայրում կամ բնակարանում, իսկ եթե նա սմարթֆոն չունի, ապա չի բացառվում, որ պետությունը տրամադրի այն։