Գլխավոր Քաղաքական Հակամարտության կարգավորման հաջողության պայմաններից մեկը եռակողմ բանակցությունների կազմակերպումն է․Արցախի ԱԳՆ

Հակամարտության կարգավորման հաջողության պայմաններից մեկը եռակողմ բանակցությունների կազմակերպումն է․Արցախի ԱԳՆ

1393
0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:

Հրադադարի մասին համաձայնագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որը հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ լիարժեք եռակողմ բանակցությունների արդյունքն էր:

Անժամկետ հրադադարին հասնելու ուղին հեշտ չէր։ Պատերազմին վերջ դնելու նախորդ փորձերը ձախողվում էին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը, վստահ լինելով իր ռազմատեխնիկական գերազանցության մեջ, հույս ուներ հակամարտությունը լուծել ուժային եղանակով: Դիվանագիտական հաջողությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Արցախի պաշտպանության բանակը ետ մղեց Ադրբեջանի զինված ագրեսիան և ապահովեց հանրապետության անվտանգ սահմանները՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով հակամարտությունը ռազմական ուժի միջոցով լուծելուն ուղղված Բաքվի ներուժը։

Անժամկետ հրադադարի հաստատման մասին համաձայնագրին հասնելու ճանապարհին մեկ այլ խոչընդոտ էր Արցախի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելու Ադրբեջանի դժկամությունը: Սակայն իր ռազմական ներուժի զգալի թուլացումից հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն դադարել են խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ներգրավվածությանը, այլև հենց իրենք են բազմիցս անմիջական շփումներ նախաձեռնել Արցախի իշխանությունների հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Ուղղակի բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թույլ է տվել կենտրոնանալ էական հարցերի վրա, ինչը հիմք է դրել հետագա դիվանագիտական հաջողությանը՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման անժամկետ ռեժիմի հաստատմանը։

Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կարևորությունը, որը հնարավորություն է տվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։

Ցավոք, հետագա տարիներին չհաջողվեց զարգացնել այս նվաճումը, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը վերադարձավ առճակատման, սպառնալիքների և Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցություններից հրաժարվելու իր նախկին քաղաքականությանը։

1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և հետևողականորեն ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման համար՝ պատրաստ լինելով կանխել Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի սանձազերծման ցանկացած փորձ»։