Գլխավոր Քաղաքական Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

2268
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ինքը Քոչարյանը:

Նա հավելել է, որ այդ վերադարձը կարող է լինել տարբեր ֆորմատներով: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եղած վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին:

Հարցին, թե պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, իհարկե պատրաստ եմ, երբեք չեմ խուսափել բանակցություններից։ Դա, կարծում եմ, համարձակություն է, և պետք չէ նապաստակի պես փախչել, թաքնվել»։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ 3 օր է, կառավարությունն զբաղվում է հանրահավաքի կազմակերպմամբ:

«Որտեղի՞ց այդքան ժամանակ կառավարությանը, մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, իրենց կոմֆորտային գոտին սա է: Իրենք առաջին հերթին իրենց գործով պիտի զբաղվեն»: Երկրորդ նախագահն ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը դրա ժամանակը նույնիսկ չուներ:

Նա հիշեցրել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը քարտեզի վրա, Թուրքիայի, Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ապա հավելել, որ ունենք մի կառավարություն, որն, իր կարծիքով, չի հասկանում այս ամենը, որը փորձ չունի, որը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը: «Բանակից շատ հեռու են ու չեն հասկանում, որ այս իրավիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության երաշխավորը և անում են քայլեր, որոնք փորձում են այն հավասարակաշռությունը խարխլելն: Այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն է քաղաքականություն վերադառնալու համար», – ասել է Ռ. Քոչարյանը:

Նա շարունակել է. «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին այդ երկրների հետ»,- ասել է Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես, իսկ Թուրքիան ընդհանարապես ագրեսիվ կեցվածք է ընդունել:

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ էլ նա ասել է, որ կոռուպցիա միշտ էլ կա, նույնիսկ հիմա կա ԱՄՆ-ում, սակայն իր պաշտոնավարման ժամանակ այդ կոռուպցիոն բուրգը չի եղել: