Գլխավոր Լուրեր Երևանցիները 1.3%-ով ավելի պասիվ են, քան ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ

Երևանցիները 1.3%-ով ավելի պասիվ են, քան ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ

1210
0

Երևանի մի քանի ընտրատեղամսերում 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ ընտրողների ակտիվությունն առայժմ մեծ չէ։ Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքացիական իր պարտքը կատարել է ընտրողների շուրջ 1/3-ը։

Նշված ժամին ընտրությունների մասնակցության պաշտոնական ցուցանիշը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ժամը 18։00-ին։ Մինչ այդ ԿԸՀ-ն ընտրողների մասնակցության մասին տվյալ հրապարակել է ժամը 14։00-ի դրությամբ՝ 201 հազար 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը։

ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2017 թ. Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 25%-ը, այսինքն՝ տարբերությունը փոքր է։

Ի դեպ, ժամը 17։00-ի դրությամբ անցած տարվա ավագանու ընտրություններին մասնակցել էր ընտրողների 35%-ը։

«Ընտրությունները կայացած համարվելու համար օրենքով սահմանված նվազագույն շեմ չկա»,- ասաց Հ. Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %, սակայն ավագանին պետք է ձևավորվի առնվազն 3 ուժից։ Եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն։