Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Այս մասին ասվում է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ՝ հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
«Առավել կարևոր է ընտրությունների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, իրավական և կազմակերպական նախադրյալների ստեղծումը: Օր առաջ քվեակություն կազմակերպելու ցանկությունը վտանգում է մրցակցային ընտրությունների կազմակերպումը և նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհությամբ, հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, հակահեղափոխության վտանգի պատրվակով վիժեցնելու և չհիմնավորված փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապես համոզված ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշտ ճանապարհով։
Ազգային ժողովի և պատգամավորի՝ սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության փաստացի վերացմանն ուղղված բռնությունը կամ բռնություն գործելու սպառնալիքը միտված են խաթարելու ընտրությունների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանությունը˒ այդ թվում՝ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են բացահայտել և վերացնել նման երևույթները, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Համոզված ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել˒ որ գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է˒ բայց որպեսզի ներկան և ապագան լինեն երաշխավորված՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք˒ երկխոսության հնարավորություն դեռ կա և քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը»,–ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։