Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի´ ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց աշխատանքային օրերը տեղափոխման մասին որոշման նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 27-ին:
Նա ասաց, որ որոշումը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ: