Գլխավոր Լուրեր Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ...

Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

4147
0

Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը:

«Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար պարային մարաթոնի սկիզբ ազդարարել: Կարծում եմ, որ նախաձեռնությանը կաջակցեն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչները: Յուրաքանչյուր քաղաքական գործչի և ղեկավարի խնդրում եմ հրապարակել իրենց պարերը #кавказскиетанцы #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Քադիրովը:

Նրա խոսքով` լեզուն ու պարը ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են:

«Եթե խոսենք Կովկասի մասին, ապա պարերը միավորում ու համախմբում են մեր ազգերը: Այս մասին ես միշտ եմ հիշում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու Մակրոնը համերաշխ և տակտով պարում են կովկասյան պարերից մեկը:

Քադիրովը խոստովանել է նաև, որ ազգային պարերի մեծ սիրահար է:

«Ցանկացած հարմար առիթով մտնում եմ շրջան: Նորարարություններ եմ անում, քանի որ շատ եմ սիրում, երբ պարողն, ով խիստ հետևում է ազգային պարի տարրերին, ունի իր ինքնուրույնությունը»,- ասել է նա:

Չեչնիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ երկուշաբթի օրը Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաևի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Քադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին ու Մակրոնին: