Մենք եկել ենք ձեզ կոչ անելու, որ այս ընտրություններում դուք վստահության քվե տաք «Իմ քայլը» դաշինքին, բայց մեր նպատակը հետևյալ է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթող լինի մի սուբյեկտ` ՀՀ քաղաքացին: Այս մասին Թալինում մեկնարկած քարոզարշավի ընթացքում նշեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու, թե ով է լինելու առաջինը, ով՝ երրորդը, ով՝ երրորդը, ոչ թե լցոնումներով, ոչ թե ծեծ ու ջարդով, ոչ քվեաթերթիկներ ու քվեատուփեր գողանալով, ոչ թե ընտրակաշառքներով, ոչ թե սպառնալիքներով, այլ ՀՀ ազատ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ: Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, թե որն է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը, դա այն է, որ ըստ էության, մենք ՀՀ-ից վերացրինք հեղափոխությունների անհրաժեշտությունը, որովհետև բոլոր այն դեպքերում, որ ուզեք հեղափոխություն անել, կարող եք անել ձեր 1 քվեաթերթիկի միջոցով»,-շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրության միջոցով հեղափոխություն անելու իրավունքը պաշտպանված է լինելու:
«Ինչո՞ւ եմ ես դարձել վարչապետ, որովհետև դուք եք այդպես որոշել: Ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ, այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը: Որ պահին դուք կորոշեք, որ ես չպիտի լինեմ այլևս, նույն պահին ես կդադարեմ ՀՀ վարչապետ լինելուց: Սա է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը, երբ ինձ ասում են՝ ձեր իշխանությունը՝ նկատի ունենալով ինձ, ես ասում եմ` իշխանությունը իմը չէ, մեր թիմինը չէ, այլ մեր ժողովրդինն է:
Մենք ընդամենը ժողովրդի իշխանական տեղապահն ենք»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով Թալինի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տեղի բնակչության քաղաքական ակտիվությունը:
«Ես շատ լավ գիտեմ և հիշում եմ, որ Թալինը վերջին տասնամյակների բոլոր քաղաքական պրոցեսներում եղել է Հայաստանի ամենաակտիվ քաղաքներից մեկը: Դուք մասնակցել եք բոլոր շարժումներին, բոլոր գործընթացներին, հեղափոխության բոլոր փորձերին մենք իրար հետ ենք եղել, բայց ամեն անգամ մենք ձախողվել ենք, բայց 2018թ. դուք արեցիք ձեր ասածը, և դուք հաղթեցինք կոռումպացված իշխանությանը»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև փոփոխություններին, որոնք պետք է արվեն 2019 թ.:
«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսը ամբողջությամբ ազատելու ենք հարկերից, դա նշանակում է, որ Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, այդ թվում՝ առևտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, ազատվելու են հարկերից: ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կարող են լինել օրենքով սահմանված բացառություններ, բայց իր խոսքը վերաբերում է 90 տոկոսին, սա բիզնեսի խրախուսման իրենց աշխատանքի արդյունքն է:
Նա նշեց, որ միկրոբիզնեսում մինչև 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:
Հաջորդ նորարարությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ մասնավոր տաքսիների վարորդներին ազատում են արտոնագրային 8 հազար վճարից: