Գլխավոր Իրավական «Զիբիլիքսի» գործով ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը դատապարտվեցին տուգանքի

«Զիբիլիքսի» գործով ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը դատապարտվեցին տուգանքի

1204
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Զիբիլիքս» անունը ստացած  ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով անցնող 11 մեղադրյալների դատավճիռները:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց վճիռները, ըստ որի՝ կաշառքի գործով անցնող երկու մեղադրյալները դատապարտվեցին նվազագույն աշխատավարձի 250.000-ապատիկի չափով տուգանքի: Ամբաստանյալ Հրայր Անտոնյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2,5 մլն դրամ տուգանքի:

Նշենք, որ Երևանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին դատախազը միջնորդել էր դատապարտել 3 տարվա ազատազրկման։

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը ևս դատապարտվեց 2,5 մլն դրամ տուգանքի: Նրանք մեղադրվում են կաշառք տալու գործով, իսկ մյուսները՝ օժանդակելու:

Մեղադրյալներ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2,3 մլն դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոգլարյանը՝ 2 մլն, 250 հազար դրամ տուգանքի:

Դատավճիռը ամբաստանյալները ծափողջյուններով ընդունեցին:

Հրայր Անտոնյանը հայտարարեց, թե արդարությունը վերականգնվեց:

Դատավորը տեղեկացրեց, որ մեկամսյա ժամկետում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարան: Բացի այդ նրանք կարող են ներման խնդրագիր գրել և տուգանքները չվճարել: