Գլխավոր Քաղաքական ՀՀ-ում որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, վրեժխնդրության զգացում չունեմ․ Նիկոլ Փաշինյանը՝...

ՀՀ-ում որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, վրեժխնդրության զգացում չունեմ․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

923
0

Tert.am-ը գրում է.

Եթե ես ասեմ, որ հավատում էի, որ հաղթելու եմ և վարչապետ եմ դառնալու, կարժեզրկեմ ամբողջ գործընթացը: «Սիվիլնեթին» տված հարցազրույցում, հիշելով անցած տարվա՝ իշխանափոխության օրերը, այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երբեք նման բանի չեմ հավատացել, ես հավատացել եմ ուրիշ բանի, որ ես կարող եմ ծառայել»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատերը չէին հասկանում, որ ժողովուրդը մեծ ուժ է: «Ես հավատացել եմ ժողովրդի ուժին ոչ միայն քաղաքական գործունեությունը սկսելուց առաջ, այլ նաև լրագրողական տարիներին, իմ առաքելությունը եղել է դա, որ ես կարողանամ օգնել, ծառայել ժողովրդին, որ ինքը իրեն հավատա իր ուժին»,- ասաց նա:

Նա նաև պատմեց ապրիլի 23-ին իր հետ տեղի ունեցածը: Ներկայացրեց՝ նրան տեղափոխել են այնպիսի փողոցներով, որտեղ հավաքված մարդիկ չկային: «Ես մեքենայի մեջ նստած էի, այդ մեքենայի ապակիներից մեկը ջարդված էր, և ես անընդհատ նայում էի, մտածում էի, որ եթե մարդ լիներ, կփակեին ճանապարհը, բայց այդ փողոցներում մարդ չկար: Ինձ տարան Նար-Դոսով, թաղային փողոցով: Հյուսիսային ավտոկայանի դիմաց երբ հասանք, տեսան, որ հազարավոր մարդիկ գալիս են Երևան: Ես գոռացի՝ ժողովուրդ, բայց ոչ ոք չնկատեց: Մենք գնացինք Սևանի ոստիկանության բաժին: Այնտեղ առանձնապես տեղյակ չէին, որ ինձ իրենց մոտ էին տանում»,- հիշեց նա:

Նիկոլ Փաշինյանից միակ պահանջը այդ օրը, ըստ նրա, ուսապարկից իրեն առանձնացնելն էր:

Լրագրողի հարցին, թե այս մեկ տարվա մեջ երբևէ հանդիպե՞լ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխանեց․ «Ես ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել: Եթե նման հանդիպում լիներ, ես իմ պարտքը կհամարեի այդ մասին հայտնել հանրությանը»,- ասաց նա:

Իսկ մեկ այլ հարցին, թե արդյոք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժխնդրության զգացում ունի, նա պատասխանեց․ «ՀՀ-ում որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, վրեժխնդրության զգացում չունեմ: Եթե վրեժխնդրության խնդիր լիներ, անցած տարի այս օրերը դրա համար ամենահարմարն էին»:

Ճշգրտող հարցին, թե կարծում է՝ երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավակա՞ն գործընթաց է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղած հարաբերություններից, նշեց, որ դրանք կարելի է «լավ» համարել:

«Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ովքեր են եկել իշխանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա իշխանության ներկայացուցիչներից շատերն այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն և ունեցել են որոշակի սկզբունքներ:

«Չեն ցանկացել նախկին իշխանությունների հետ համագործակցել, այդ մարդիկ ստիպված հասարակական սեկտորում են եղել, որոնք ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսինների, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում:  Սրանից ելնելով՝ շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, և ես վստահ եմ, որ ժամանակի բերումով այդ անվստահությունը կհաղթահարվի»,- ասաց նա:

Խոսելով իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններից՝ վարչապետ Փաշինյանը նշեց՝ դրանք աշխատանքային են, «այնպես, ինչպես պետք է լինեն»:

«ՀՀ նախագահն ունի իր լիազորությունները և պետք է մնա դրանց շրջանակում, ՀՀ  կառավարությունն ու վարչապետն ունեն իրենց լիազորությունները և պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում»,- ասաց նա:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի դեմ քրեական գործին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․«Քրեական գործը հարուցված է մի հոդվածով, որը վերաբերում է հարկերը թաքցնելուն: Եվ եթե ընկերությունը կամ տնօրենը այդ հարկերը վճարելու պարտավորությունը ստանձնի, կգնա, կզբաղվի իր գործով: Բանտերը լցնելը մեր նպատակը չէ»: