Tert.am-ը գրում է.
Այս մեկ տարվա ընթացքում դպրոցը և ուսուցիչները զգալի ազատություններ են ստացել, և դա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ համակարգի վրա, բայց պետք է իրականացնենք վերապատրաստումներ: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ տարրական դպրոցի համակարգը բավականին հաջող է, ավելի շատ խնդիրներ սկսում են առաջանալ միջին և ավագ դասարաններում: Նա հայտնեց, որ արդեն սկսվել են ծրագրերի չափորոշիչների` հետագայում դասագրքերի փոփոխություններ:
«Ծանր պայուսակները, այս տարվա սեպտեմբերից արդեն կսկսեն թեթևանալ, որովհետև մենք կիրառել ենք մի հնարք, և դասագրքերը երկհատոր են դարձել»,-հայտնեց նա:
Նախարարը նշեց, որ այն դպրոցներում, որտեղ անցել են համընդհանուր ներառման, ուսուցիչները ունենալու են օգնական: Նա խնդիր համարեց, որ բավականին մեծ թվով աշակերտների հաշվով է ուսուցչի օգնական նշանակվում, և իրենք էլ են արձանագրում, որ շատ պարտականությունների կետեր կան:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ փորձելու են այնպիսի համակարգ ունենալ, որ աշակերտը «հավեսով» գնա դպրոց: «Շատ առարկաներ կփոխվեն, շատ գործեր ենք անում, ավագ դպրոցներ են հիմնանորոգվելու, գույքն է փոխվում, մեթոդներն են փոխվում, դպրոցի տրամաբանություն և մթնոլորտն է փոխվում, իհարկե դրա համար ժամանակ է պետք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայոց եկեղեցու պատմության առարկայի անցկացումը երբեմն չի համապատասխանում Սահմանադրությանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է այնպես անեն, որ առարկաները համապատասխանեն Սահմանադրությանը: Նա արձանագրեց, որ ուսուցիչները վերապատրաստման խնդիր ունեն:
«Այսօր շատ մեծ վստահություն կա բուհերում մանկավարժական կրթության հետ կապված, որակի հետ կապված և դիպլոմների հետ կապված, մտահոգությունները շատ հաճախ անհիմն չեն, և առաջիկա տասը տարիներին մենք մասնագետների համար լիցենզավորման լրացուցիչ ստուգում կիրականացնենք, ինչպես ԱՄՆ-ում է»,-ասաց նա: