Tert.am-ը գրում է.
Ադրբեջանից ակնկալել այլ պահելաձև շատ վաղաժամ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացմանը:
«Վերջին ժամանակահատվածում, հատկապես ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավոր պայմանավորվածություններից հետո կտրուկ նվազել էին հրադադարի ռեժիմի խախտումները` քանակական առումով, բայց հակառակորդը չի փոխվել, չի փոխվել նաև հրամայականը, նրա պատկերացումները, նրա զգացմունքները մեր նկատմամբ: Հետևաբար այսպիսի ոճը բնորոշ է նրան, և որևէ տարօրինակ երևույթ չկա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք քաղաքական ենթատեքստ ունի այս լարվածությունը, նա ասաց, որ Ադրբեջանի գործողությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում: «Նրանք պարզապես ատելությամբ են լցված մեր նկատմամբ, հետևաբար ամեն պարագայում փորձում են գնալ լարվածության: Ճիշտ է՝ հիմա թուրք-ադրբեջանական զորավարժություններ են Ադրբեջանում, բայց առանց դրա էլ մշտապես դիմում են նման քայլերի»,- ասաց նա:
Խոսելով այն դիտարկումների մասին, թե Ադրբեջանը վերջին շրջանում ավելի հանգիստ էր, քանի որ պատրաստվում էր ավելի լայնածավալ գործողությունների, նա ասաց, որ նման վտանգ միշտ էլ կա: «Ադրբեջանը նացիստական հայատյաց երկիր է, և դրա համար մենք միշտ պետք է լինենք հզոր, բանակը միշտ պետք է լինի ամուր, և մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, սա է տարբերակը, որ ագրեսորը զսպված լինի»,- ասաց նա:
Ամեն դեպքում, Դավիթ Բաբայանը նշեց, որ չի կարծում, թե ներկայում քաղաքական անդրադարձի կարիք կա, որովհետև հակառակորդը արտառոց որևէ բան չի անում, և միշտ էլ զինադադարի ռեժիմը խախտել է: «Ճիշտ է՝ նման խախտումների դեպքում պետք է միջազգային հանրությունը անմիջապես արձագանքի»,- ասաց նա և նշեց, որ լարվածության աճի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Ավելի մանրամասն կարդացեք աղբյուր կայքում։