Tert.am-ը գրում է.
Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱԺ 58 հոգանոց «Հանրապետական» խմբակցությունից հրավիրվել է 3 մարդ՝ անվանական նշված, թե ով, ընդ որում՝ Արա Բաբլոյանը հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը արարողակարգի և էթիկայի խախտում է: Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հարց եմ տալիս՝ Ազգային ժողովի խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են», թե պաշտոնյաներ, որոնք օրենսդրի ղեկավարներն են: Օրենսդրի ղեկավարներն են, չէ՞, բա պարոն Փաշինյա՛ն և սիրելի՛ կառավարություն, էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները»,- ասաց նա:
Հարցին՝ այսինքն Սարդարապատ գնալը հրավիրելո՞վ է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այո՛, հրավիրելով է, Ազգային ժողովից ընդամենը 13 պատգամավոր են հրավիրել, անուն-ազգանունները գրված. 4 հոգի՝ «Ելք» խմբակցությունից, 3 հոգի՝ Դաշնակցությունից, 3 հոգի՝ «Ծառուկյան» խմբակցությունից, իսկ 58 հոգանոց Հանրապետական խմբակցությունից հրավիրել են Արա Բաբլոյանին, այն էլ ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, Վահրամ Բաղդասարյանին ու Ֆելիքս Ցոլակյանին: Անունն էլ իրենք են գրել, թե ով պետք է գա»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը Հայաստանի անկախ պետականությանն 26 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովի փոխնախագահները հրավիրված չէին:
«Նիկոլ Փաշինյանը կարող էր ինձ իր տղայի բանակի քեֆին չհրավիրել, բայց ոչ այսօր՝ Սարդարապատ: Կարող է իր ընտանեկան միջոցառմանը չհրավիրել, բայց կա պրոտոկոլ, կա գործընկերություն և կա առնվազն՝ գործադրի և օրենսդրի փոխադարձ հարգանքի ու իշխանությունների տարանջատման սկզբունք, որը ուզում է վարչապետը Փաշինյանը լինի,Սարգսյանը լինի, պարտավոր են բոլորը հարգել»,-ասաց նա: