Գլխավոր Քաղաքական Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված

1328
0

Tert.am-ը գրում է.

Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի, այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ, որն արվել է Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության առնչությամբ:

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»,- ասված է հաղորդման մեջ:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Արցախում երեկ զինծառայողի զոհվելու և սահմանային վերջին լարվածության մասին, որում կտրականապես դատապարտել էր իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով, և որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: