Գլխավոր Տնտեսական Միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել ՀՀ-ում, դառնալ ավելի հարուստ ու դարձնել...

Միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել ՀՀ-ում, դառնալ ավելի հարուստ ու դարձնել մեր երկիրն ավելի հարուստ. վարչապետ Փաշինյան

1178
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։

«Հայաստանում ավելացված արժեքի հարկի աճն այս տարվա առաջին մասում կազմել է 7.1%, ապրիլի ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%, այնպես որ միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողների համար։ Մենք հրավիրում ենք նրանց Հայաստանում դառնալ ավելի հարուստ ու դարձնել մեր երկիրն ավելի հարուստ»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու մասին՝ նա ասաց.

«Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա ամեն դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում այդպիսի համագործակցությունը իրագործելի է և նույնիսկ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը։ «Եվրոպական Միության հետ Հայաստանն ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը մենք մտադիր ենք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ՝ մեր բարեփոխումները իմպլեմենտացնելու համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, այն լրացնում է դրան՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր մրցակցային առավելությունների առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նաև կարևորեց Հայաստանի համար համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը։ «Հայաստանի նման երկրների համար շատ կարևոր է համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը և անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը:

Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակի համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր միության անդամների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու և ինտեգրացիան առավելագույնս խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնմամբ։ «Այս առումով հատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ ընդգծել, որ վերջին օրերին մենք երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկայի և զարգացման ենք հասել այդ երկրի հետ, որը համաշխարհային տնտեսության ամենաառանցքային դերակատարներից է: Որպես ԵԱՏՄ անդամ մենք կարևոր ենք համարում տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծումը: Առաջնահերթ եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը: Այն ամբողջովին տրամաբանական է և բանական»,- նշեց ՀՀ վարչապետը։