Գլխավոր Քաղաքական Ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք. Փաշինյանը՝ լրագրողին

Ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք. Փաշինյանը՝ լրագրողին

1417
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասել է հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե հանդիպման վերաբերյալ հարցազրույցում վարչապետը նշել է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» գնելու հարց չի քննարկվել։

«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես երկրորդ «Իսկանդեր» գնելու ցանկություն ունեմ։ Ես պատասխանեցի՝ իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք և կարիք ունենք երկրորդի։ Ես ասացի, որ մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, և այլ հարցեր ենք քննարկում։ Մենք քննարկեցինք այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։ Անշուշտ, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար, այդ թվում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Մեր երկրները ՀԱՊԿ անդամներ են, և մենք շատ բան ունենք քննարկելու անվտանգության ոլորտում»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք: