Գլխավոր Լուրեր Արցախի ՄԻՊ-ին զեկուցել են Արցախում ԱԱԾ զինծառայողների կողմից ծեծված քաղաքացիների առողջական վիճակի...

Արցախի ՄԻՊ-ին զեկուցել են Արցախում ԱԱԾ զինծառայողների կողմից ծեծված քաղաքացիների առողջական վիճակի մասին

2818
0

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել կապված հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 1-2-ի գիշերը սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։

Արցախի ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ ներկայացված տեղեկությունների հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանը տեղեկացած է, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր), ինչպես նաեւ այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ:

Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաեւ հետեւում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին: Հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որեւէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետեւելու է իրավիճակին եւ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները»:

Նոր տեսանյութ.