Գլխավոր Տնտեսական Վարչապետ․ Աճել է խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը

Վարչապետ․ Աճել է խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը

0
1482

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5 տոկոսով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6 տոկոսով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ»,-նշել է վարչապետը:

Նրա տեղեկացմամբ, 2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը: