Գլխավոր Քաղաքական Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով

Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն. Լավրով

1088
0

News.am-ը գրում է․

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ իրենք՝ կողմերը, պետք է համաձայնեցնեն եւ որոշեն կազմը: Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը:

«Մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում»,- ընդգծեց Լավրովը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է իր հրապարակային հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների արդյունքները պետք է հաշվի առնեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերը:

Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների եւ խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բորլոր տարբերակներում, որոնք կողմերի միջեւ քննարկվում են: Սրա հետ ոչ ոք չի վիճում: Մնացյալը բանակցությունների գործն է: «Դիվանագիտության արվեստը փոխզիջումներն են: Մենք, որպես համանախագահներ, ջանում ենք, որ փոխզիջումներն արտահայտեն շահերի իրական հավասարակշռությունը»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը: