Գլխավոր Քաղաքական Այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել. Վազգեն Մանուկյան (+տեսանյութ)

Այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել. Վազգեն Մանուկյան (+տեսանյութ)

710
0

News.am-ը գրում է․

Հայաստանում վաղուց զգացվում էր հանգիստ միջավայրում երկրի առջեւ ծառացած հարցերի քննարկման հարթակի ստեղծման անհրաժեշտություն։ Այս մասին ասել է «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 15-ի ակումբի նիստում։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մասնակից մնում է իր կարծիքին, բայց շփումները կարեւոր են կարծիքների ձեւավորման եւ համերաշխության համար։ Ակումբը դեռեւս ձեւավորման փուլում է, մի քանի քննարկումներ են անցկացվել՝ կապված Արցախի, տնտեսության, ներքին իրավիճակի հետ։ «Աստիճանաբար ձեւավորվել է մշտական մասնակիցների շրջանակը, բայց «ակումբի անդամ» հասկացություն առայժմ չկա, եւ ես չեմ շտապում այդ հարցում, որպեսզի բոլորին պարզ լինի, որ սա իմ սեփականությունը չէ, այլ ընդհանուր է»,- նշել է Վազգեն Մանուկյանը։ Այսօրվա նիստի օրակարգում երեք հիմնական հարց է. իրավիճակն Արցախի շուրջ, բարոյահոգեբանական իրավիճակը Հայաստանում, իրավական հարցեր։

Որպես այսօրվա իրավիճակի մեկնակետ Մանուկյանը նշեց 1965 թվականը՝ Սփյուռքի վերածննդի, ազգային գաղափարների արթնացման թվականը։ «Նույնը Խորհրդային Հայաստանում, պետք է հիշել, որ խորհրդային շրջանում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների»,- նշեց Մանուկյանը։ Կուտակված գաղափարները պայթեցին Արցախյան շարժմամբ 1988-ին, երբ դվեցին Արցախն ազատագրելու, անկախություն ձեռք բերելու, ուժեղ պետություն կառուցելու խնդիրները։ 1988-ի շարժումը արդյունքներ տվեց, փոխեց Հայաստանի եւ ԽՍՀՄ պատմության ընթացքը, շարունակեց Մանուկյանը։ «Մենք ազատագրեցինք Արցախը, ստացանք անկախություն, հաղթեցինք պարտադրված պատերազմում, դրեցինք ազատ տնտեսության եւ դեմոկրատիայի հիմքերը։ Հետո սկսվեց շեղումը գծից։ Սկզբում՝ կամաց-կամաց, 1995-96 թվականների ընտրություններ, հետո շեղումը շարունակվեց բոլոր իշխանությունների օրոք։ Այն հանգեցրեց ժողովրդի մեջ վտանգավոր հասկացության առաջացմանը՝ պետությունը մերը չէ։ Այն պատկանում է մարդկանց ինչ-որ խմբի։ Պետությունն ընդ որում շարունակում էր զարգանալ։ Ժողովրդի մեջ, միեւնույն է, հասունանում էր միտքը՝ պետությունը մեզ չի պատկանում։ 2018-ին, երբ տեղի ունեցավ պայթյուն, նպատակներն էին՝ ժողովրդին վերադարձնել պետությունը, ապահովել օրինականությունն ու ազնվությունը, ապահովել համերաշխություն։ Հիմա ժամանակն է նայելու՝ հասե՞լ ենք, թե՞ ոչ այդ նպատակներին»,- նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կոռուպցիան կրճատվել է, բայց հատուկ առաջխաղացում չկա: «Այո՛, կային խոշոր կոռուպցիոներներ եւ հանցագործներ: Բայց այս պատճառն օգտագործվեց այն նպատակով, որ վերադառնան անցյալ եւ այն ջնջեն: Խոշոր կոռուպցիոներներից 6-7 մարդ. գիծ քաշել ու անցնել առաջ: Մշտապես հետ նայելով՝ մենք արդյունքի չենք հասնի»,- նշեց Մանուկյանը:

«Պետությունը վերադարձվե՞լ է ժողովրդին: Ո՛չ: Հիմա Հայաստանի բոլոր հարցերը լուծում է մեկ մարդ: Մենք սա՞ էինք ուզում: Ասում են՝ քանի որ մեծ թվով ձայներ ենք ստացել, կարող ենք խոսել ժողովրդի անունից»,- նկատեց Մանուկյանը:

«Համերաշխության վերաբերյալ: Ես այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել: Ի՞նչ համերաշխության մասին է խոսքը: Աղբանոց է նետվում կարեւոր ամեն ինչ, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով: Երբ ժողովուրդը պահանջում էր վերադարձնել պետությունն ու ազնվությունը, նա իր գաղափարներն էր առաջ մղում: Արցախի ղեկավարության հետ բավականին բարդ հարաբերություններ են ստեղծվել, այնպիսի տպավորություն է, թե հարցը ինչ-որ կերպ լուծելու եւ հետագայում հանգիստ ապրելու փորձ է կատարվում: «Լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերին» արտահայտությունն առաջին անգամ Գորբաչովն է կատարել: Բայց հետո հասկացավ, որ էությունը դրա մեջ չէ: Մենք եւ Ղարաբաղի ժողովուրդն ասացինք, թե ինչ ենք ուզում, եւ պետք է հասնենք: Իհարկե, հաշվի առնելով աշխարհի իրողությունները եւ իրավիճակը: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը: