Հայաստանին մտահոգում է Սիրիայի տարածք թուրքական ներխուժումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դատապարտել է այն և գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այսօր Սիրիայում գտնվող թուրքական ուժերը հետ տարվեն թուրքական տարածք:
Խոսելով Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով ի հայտ եկած փախստականների խնդրից՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այս ընթացքում 20 հազար սիրիացի փախստական է ընդունել:
«Բնակչության թվաքանակի հետ հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ընդունած փախստականների թվով մենք 3-րդ տեղում ենք: Մենք երեք միլիոն բնակիչ ունենք: Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնելը մեզ համար բարոյական առաքելության նման բան է: Սիրիան երկիր, որին պետք է օգնել: Մեզ համար սա նախ և առաջ հումանիտար օգնության հարց է: Տարվա սկզբին մեր երկիրը հատուկ առաքելություն ուղարկեց այնտեղ՝ բուժանձնակազմ, քաղաքացիական ականազերծողներ»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչու է սիրիացիներին օգնելը հայերի համար բարոյական առաքելության նման բան համարվում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սիրիացի ժողովուրդը բազմաթիվ հայերի է փրկել կայսրության ռազմական ուժերից:
«Այդ պատճառով այժմ, երբ սիրիացիները տառապում են, մենք չենք կարող մի կողմ քաշվել: Ուրախ եմ, որ կարող ենք մեր բարոյական պարտքը հատուցել: Մեր բժշկական անձնակազմը բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ է իրականացրել: Սիրիացի շատ կանայք և երեխաներ են բուժվել հայ բժիշկների կողմից: Ականազերծողների կողմից սիրիացի երեխաների համար տարածքներ են ազատվել, որտեղ նրանք կարող են ապահով խաղալ»,-հավելել է ՀՀ վարչապետը: