Գլխավոր Քաղաքական Հիվանդանոցի ու հյուրանոցի համար պատրաստ էինք ներդնել $300-400 մլն, մետրոյի նոր կայարանների...

Հիվանդանոցի ու հյուրանոցի համար պատրաստ էինք ներդնել $300-400 մլն, մետրոյի նոր կայարանների համար՝ մի քանի մլրդ. արաբ թագաժառանգի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Մարությանի հետ հանդիպումից

1051
0

Երևանի քաղաքապետի հետ մեր հանդիպումը շատ հիասթափեցնող էր. այս մասին Կենտրոն TV- ի եթերում ասել են Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, ովքեր ներկա են եղել Հայկ Մարությանի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե իր ընկերները, որոնց թվում է Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացել են:

Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները նշել են, որ չնայած բազմաթիվ նախագահների ու պաշտոնյաների հետ են հանդիպել, քաղաքապետարանում կայացած հանդիպումն իրենց համար վիրավորական է եղել, նախ իրենց շարք են կանգնեցրել, որ սպասեն քաղաքապետին, իսկ վերջինս ուշացել է:

Քաղաքապետի ժամանումից հետո իրենք ներկայացրել են իրենց ծրագրերը՝ անվճար հիվանդանոցի կառուցում, հյուրանոցի հիմնադրում Երևանի Կենտրոնում և մետրոպոլիտենի կայարանների վերանորոգում ու նոր կայարանների կառուցում:

Հայկ Մարությանը, սակայն, հայտարարել էր, թե նրանց ոչինչով օգնել չի կարող: «Նա բառացի ասաց հետևյալը՝ մենք հողեր չունենք և որպես քաղաքապետարան չենք կարող օգտակար լինել, գնացեք և փնտրեք մասնավորի մոտ, եթե կլինի՝ գնեք: Այսինքն՝ եթե մենք պետք է փնտրենք, գտնենք, էլ ինչի՞ ենք գնացել քաղաքապետի հետ հանդիպման»:

Հանդիպման ընթացքում արաբ հյուրերից մեկին է զանգահարել Հայաստանում գտնվող թագաժառանգը, և նա, բացատրելով զանգի կարևորության մասին, ներողություն է խնդրել ու պատասխանել: Դրանից հետո քաղաքապետն ընդհատել է հանդիպումը՝ այն աննպատակ համարելով:

«Միայն հիվանդանոցի և հյուրանոցի կառուցման համար մենք պատրաստ էինք 300-400 մլն դոլար ներդնել, իսկ մետրոյի կայարանները նորոգելուն և նոր կայարաններ կառուցելու դեպքում ներդրումները մի քանի միլիարդ դոլարի էին հասնելու»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Tert.am